Միջազգային կառույցների, կազմակերպությունների արձագանքները համարժեք չեն տեղի ունեցող իրադարձություններին: Ադրբեջանը Արցախի փոքր ժողովրդի վրա խոշոր, լայնածավալ ագրեսիա է սկսել, որի հետևանքով արդեն բազմաթիվ քաղաքացիական զոհեր կան: Պետք է կանգնեցնել, զսպել, դատապարտել հենց ագրեսիան, ոչ թե երկու կողմերին ոչինչ չասող կրակը դադարեցնելու կոչեր անել և ոչինչ չասող շարքային հայտարարություններ են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Թուրքագետը նշում է՝ Թուրքիան, բացի Ադրբեջանին օգնելուց, հետապնդում է այլ շահեր ևս. «Աշխարհում ցանկացած հակահայկական քայլ Թուրքիայի շահերից է բխում, մանավանդ հիմա՝ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի դեմ այս ագրեսիայով. փորձում է թուլացնել Հայաստանը, տարածաշրջանում մեծացնել իր ազդեցությունը, Ադրբեջանին հանել ռուսական ազդեցությունից, օգտվել տնտեսական գործոնից՝ ուղղորդելով Ադրբեջանի միլիարդավոր դոլարներն իր ռազմաարդյունաբերություն, որպեսզի վերջինս գնի զենքերը ոչ թե, օրինակ, Իսրայելից, Ուկրաինայից, Պակիստանից, այլ հենց Թուրքիայից»:
Իսպիրյանը վստահ է՝ Ադրբեջանին կարող է սթափեցնել միայն գերտերությունների միջամտությունը, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակով և տվյալ երկրների շահերով պայմանավորված չեն արձագանքում. «Մշտապես պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկիր իր շահով է առաջնորդվում, ոչ թե ինչ-որ երկրի գեղեցիկ աչքերի համար: Գերտերությունների միջամտությունն էլ կախված է պատերազմի զարգացումներից, սակայն ռազմաճակատում մեր հաջողություններն այնպիսին կլինեն, որ գերտերությունները ստիպված կմիջամտեն»:
«Թուրքիան՝ 1990-ականներից սկսած, մշտապես Ադրբեջան է ուղարկել զինված անձանց, վարձկանների, կամավորականների, և այո՛, հիմա էլ նրանց շարքերում թուրքեր կան: Հուլիսյան դեպքերից հետո թուրք-ադրբեջանական խոշորածավալ, ռազմական զորավարժություններից հետո հրահանգիչների մի մասը՝ զինտեխնիկայով, մնացել են Ադրբեջանում և ներկայումս նրանք հրամանատարական կետեր ունեն, ինչպես նաև իրականացնում են ռազմական-անմիջական գործողություններ՝ դրոնների կառավարում, տարբեր զինատեսակների կառավարում, որոնց զիջում են ադրբեջանցիները իրենց հմտությամբ»,- ընդգծեց թուրքագետը:
Իսպիրյանի խոսքով՝ Հայաստանի, սփյուռքի ճիշտ աշխատանքի շնորհիվ կհաջողվի պիտակավորել Թուրքիային՝ որպես ագրեսոր:
«Գերտերությունները գիտեն, որ Ադրբեջանն է ագրեսոր և իրենց շահերից, ինչ-որ սկզբունքներից, ֆինանսա-տնտեսական շատ հայտնի պատճառներից ելնելով՝ խուսափում են միջամտել, սակայն միջազգային, հանրային ճնշումը կստիպի փոխել իրերի դասավորությունը՝ ի վնաս Թուրքիայի»,- նշեց Իսպիրյանը:
Իսպիրյանը՝ որպես ծառայած, ռազմական գործին մոտ կանգնած հայ հուշում է՝ շուտով կավարտվի այս պատերազմը՝ Ադրբեջանի խայտառակ պարտությամբ. «Թուրքիան, պարզապես, «փուռը տվեց» Ադրբեջանին»:
Արփինե Հակոբյան