ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ նախատեսված է հանդիպում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, Մնացականյանի այցի շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, արտաքին քաղաքական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ- և ԱՊՀ-ի գծով, դիրքավորումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Երկխոսության առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։ 2020թ. հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման և առարկայական բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման շուրջ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։