Այս ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։ Մեր ԶՈՒ-երի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի, միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
 
«Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի՝ չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար»,- ասաց Հովհաննիսյանը: