ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ քաղաքական դաշտի 13 կուսակցությունների հայտարարությանը: Տեր-Պետրոսյանը հայտարարությանն անդրադարձել է ի պատասխան iLur-ի հարցմանը:
«Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»,- ասել է ՀՀ առաջին նախագահ