Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 23-ին, ժամը 19։52-ին տեղեկություն է ստացել, որ Հայկաձոր-Ջրափի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ) և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Հովհաննես Հ․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գյումրու բժծկական կենտրոն, իսկ ուղևորներ Կարեն (ծնված 2018 թ.), Արգիշտի (ծնված 2015 թ․) և Քրիստինե (ծնված 1989 թ.) Հակոբյանները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
Բժիշկները Հովհաննես Հ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: