Վրաստանի կառավարությունը կվճարի բնակիչների չորս ամսվա կոմունալ ծախսերն էլեկտրաէներգիայի եւ բնական գազի համար, հինգշաբթի կառավարության նիստին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է «Sputnik Վրաստան»-ը:
Այսպիսով, կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ փուլում պետությունը կվճարի բնակչության նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամսվա կոմունալ վճարները:
«Մենք արդեն հայտարարել ենք կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ ալիքի մասին: Այն ներառում է օգնություն ինչպես բիզնեսին, այնպես էլ' սոցիալական աջակցության: Նոյեմբերի 1-ից սկսվում է մեր քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարումը ձմռան ամիսների համար: Դա կլինի չորս ամիս' նոյեմբերից սկսած: Այս օգնությունը վերաբերում է յուրաքանչյուր ընտանիքին, որը մինչեւ 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է սպառում, ինչպես նաեւ' մինչեւ 200 խորանարդ մետր գազ, այդ թվում' ջրի եւ մաքրման վճարները: Սա նվազագույնն է, ինչով կառավարությունն այսօր կարող է աջակցել բնակչությանը»,- ասել է Գախարիան:
Վարչապետը նշել է, որ այն քաղաքացիները, ովքեր նման օգնության կարիք չունեն, այսօրվանից կարող են հրաժարվել դրանից' իրենց իսկ դիմումի հիման վրա:
Բաժանորդների թիվը, ովքեր ամսական 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա են սպառում, 1.2 միլիոն է, պետությունը 17 միլիոն լարի (5.3 միլիոն դոլար) կհատկացնի' այդ քաղաքացիների կոմունալ ծախսերը վճարելու համար:
Վրաստանում նաեւ 670 հազար բաժանորդ կա, ովքեր ամսական մինչեւ 200 խորանարդ մետր բնական գազ են սպառում: Նրանց կոմունալ ծախսերը մարելու համար պետությունը 27 միլիոն լարի (գրեթե 8.4 միլիոն դոլար) կհատկացնի: