Վրաստանի կառավարությունը կրճատում է վարչակազն ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով հանրապետության վարչապետի մամուլի ծառայությանը, հայտարարվել է նախարարների կաբինետի նիստում:

 

Պետական գերատեսչությունները, Վրաստանի վարչապետի հանձնարարությանը համապատասխան, «գործողությունների իրենց պլանը» երկրի ֆինանսների նախարարություն կներկայացնեն մարտի 16-ից ոչ ուշ: Ծախսերի կրճատումը չի վերաբերի ենթակառուցվածքային նախագծերին եւ սոցիալական ծախսերին:

 

Կառավարության հանձնարարականին համապատասխան՝ ընթացիկ տարում նվազագույնի կհասցվեն վարչական շենքերի նորոգման ծախսերը, փափուկ կահույքի ձեռքբերումը, կսահմանափակվի նոր ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերումը, 30 տոկոսով կկրճատվեն վառելիքի ձեռքբերման ծախսերը: Բացի այդ, նվազագույնի կհասցվեն գործուղումները, 20 տոկոսով կկրճատվեն այսպես կոչված ներկայացուցչական ծախսերը եւ ուսումնական արձակուրդները կօգտագործվեն միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում:

 

Ինչպես նշում է «Նովոստի Գրուզիա»-ն, կառավարությունը վարչական ծախսերը կրճատելու խնդրանքով դիմել է նաեւ բյուջետային այն կազմակերպություններին, որոնք հաշվետու չեն իրեն՝ խորհրդարանին, դատարանին, մունիցիպալիտետներին, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետարանին, եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը: