Պաշտոնական Բաքուն հիմնվել է այն տրամաբանության վրա, որ Ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Այո, ես այդ բանաձևն առաջարկել եմ: Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի այնպիսի լուծում պետք է գտնենք, որ ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ, այո, ես բանակցություններում ներգրավված առաջին ղեկավարն եմ ընդհանրապես, որ զբաղվում է հարցով, ով ասում է, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի կողմի համար,- ասել է ՀՀ վարչապետը։ - Բայց ինչո՞ւ մենք առաջ չգնացինք այդ ճանապարհով: Որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվեց որդեգրել այս նույն բանաձևը: Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի:

Նա վերահաստատել է, որ որ Հայաստանը, այո, պատրաստ է փոխզիջումների: «Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խնդիրը՝ ինչ է նշանակում փոխզիջում: Փոխզիջում նշանակում է՝ քո դրած նշաձողից որոշակիորեն նահանջելու պատրաստակամություն, այսինքն՝ քո դրած նշաձողը ցածրացնելու պատրաստակամություն»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, թե ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը համաձայնվում է ցածրացնել այդ նշաձողը՝ ընդունելի դաշտ ձևավորելու համար, այս նոր նշաձողն արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և նա պահանջում է ավելին: Վարչապետի բնորոշմամբ՝ որում՝ սա նորություն չէ, սա երկար տարիների շարունակական քաղաքականություն է: «Ես Ձեզ կարող եմ բերել հետևյալ օրինակը. 2011 թվականին Կազանում տեղի ունեցածը, կարծում եմ, ամենաշատն է ցույց տալիս իմ նշած օրինակը: Ես արդեն ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը: Եվ, ըստ էության, դա այն նշաձողն է, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը և հայ ժողովուրդը դնում են: 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի տարածքները հանձնի Ադրբեջանին: Եվ այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- նկատել է նա:

Պատասխանելով փախստականների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և, ընդհարապես, հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին պետք է լինի: «Եվ սա բավական լուրջ նշաձողի իջեցում է: Այս նշաձողի իջեցման արդյունքում ձևավորվել էր փաստաթուղթ, որը, ըստ էության, համաձայնեցված էր արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ընդունել այս փաստաթուղթը: Եվ այս պրոցեսը ցույց է տալիս, թե ինչու հարցը չի կարգավորվել: Որովհետև ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է իր դիրքերից, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 
 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: