Թուրքիայում խոշոր տուգանքներ են կիրառվել մի շարք ընկերությունների նկատմամբ, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը, Periscope-ը, Youtube-ը և TikTok-ը `սոցիալական մեդիայի կարգավորման խստացման Թուրքիայի նոր օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը ասել է, որ սոցիալական ցանցերից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն լիրայով (մոտ 1 միլիոն եվրո)։ Թուրքիայի խորհրդարանը հուլիսի վերջին օրենք է ընդունել, որը ուժեղացնում է վերահսկողությունը սոցիալական ցանցերի նկատմամբ։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ դատապարտել էր պաշտոնական Անկարայի գործողությունները՝ մատնանշելով, որ սոցիալական լրատվամիջոցները «քննադատական լրագրության վերջին ապաստանն են Թուրքիայում»: Իրավապաշտպանները օրինագիծը համարում էին որպես «քաղաքականապես թուլացած» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ պատասխանը համացանցում կոշտ քննադատություններին: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների՝ Թուրքիայում 37 միլիոն մարդ օգտվում է Facebook- ից, իսկ 16 միլիոնը Twitter-ից:
Օրենսդրական այս նախաձեռնության մշակմանն ու ընդունմանը նախորդել էր Էրդողանի ընտանիքի անդամների հետ պատահած միջադեպը։ Նախագահի դուստրը՝ Էզրա Էրդողանը, և նրա ամուսինը՝ Բերաթ Ալբայրաքը, որը Թուրքիայի ֆինանսների նախարարն է, Twitter-ում հայտարարեցին իրենց չորրորդ երեխայի ծննդյան մասին, ինչին շատ օգտատերեր պատասխանեցին ծաղրուծանակով և վիրավորանքներով: Այս արձագանքը զայրացրեց Թուրքիայի նախագահին, և նա հայտարարեց սոցիալական պլատֆորմների օգտագործման կանոնների մոտալուտ խստացման մասին: