Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանում գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետեւանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն' մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ»- ասաց Վարդանյանը:
Ավելի վաղ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մահացել է:
«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը»,- գրել էր Թաթոյանը:
Ադրբեջանը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, թե հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:
84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին: