20-ամյա Վրեժ Ավետիսյանը, որ կյանքը չխնայեց հանուն հայրենիքի, Երևանից էր, տան ավագ որդին: Երազանքն էր Արցախում ծառայելը: Վրեժի մայրը՝ Լուիզա Ավետիսյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ որդին այնքան լավ է ծառայել, որ սերժանտի կոչում են շնորհել. «Վրեժս այնքան լավ էր դրսևորել իրեն, որ հրամանատարներն իրեն ուղարկել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում սովորելու, որպեսզի կարողանա սերժանտի կոչում ստանալ, նույնիսկ, շնորհակալագիր էին հանձնել՝ լավ ծառայության համար»:
Վրեժը սերժանտի կոչում ստացած՝ Թալիշ է մեկնել ծառայության. «Հրամանատարի այն հարցին, թե պատկերացնում է իրեն որպես սերժանտ, Վրեժս պատասխանել էր՝ մեր տանը 6 երեխա ենք, բոլորն ինձ լսում են, անգամ, հայացքով են հասկանում: Թալիշում դիրքի ավագ էր: Ամեն անգամ զանգում ու հպարտանում էր, որ սերժանտ է»:
Հրամանատարները Լուիզային պատմել են, որ Վրեժը յուրահատուկ զինծառայող է եղել, բոլորի հանդեպ հարգանքով: Ինչպես հրամանատարները, այնպես էլ հերոսի բոլոր հարազատներն ու մտերիմներն են շատ սիրել նրան. «Շատ նպատակասլաց էր Վրեժս, բոլորի կողմից սիրված ու հարգված: Մինչև բանակ զորակոչվելն աշխատում էր, զորացրվելուց հետո էլ այնքա՜ն երազանքներ ուներ»:
Մայրը հիշում է, թե ինչպես է որդին դիրքեր բարձրանալուց առաջ զանգել կրտսեր եղբորն ու ասել՝ երեխեքին լավ կնայես:
«Վրեժն իր երեք քույրերին և երկու եղբայրերին հոր պես էր վերաբերվում, մեծ պատասխանատվություն կար իր ուսերին»,- դառը կսկիծով ասում է հերոսի մայրը:
Հոկտեմբերի 27-ից հարազատներն այլևս լուր չեն ունեցել Վրեժից. «Զանգեցի հրամանատարին, ասաց՝ դուք հերոս եք ծնել, 2 տանկ է ոչնչացրել ու 25 թուրք, զինյալների հետ միայնակ մարտի է բռնվել: Հետո փամփուշտները վերջացել են, կապվել է, ասել, որ հասցնեն... մինչև վերջին վայրկյանը կռվել է Վրեժս»: