Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց։ Նրանք մտել են կառավարության շենք և հստակ պատասխան են պահանջում, թե ե՞րբ իրենց երեխաները կվերադարձվեն։
«Պատերազմի արհավիրքով անցած ժամկետային զինծառայողները պետք է վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն։ Պահանջում ենք, որ մինչև նոյեմբերի 30-ը մեր զինվորները պարտադիր լինեն Հայաստանում։ Եթե մեր պահանջը չկատարեն, ամեն ինչի կգնանք։ Երեխեքը էդքան բանի միջով անցնեն, խաղաղ ժամանակ գերի ընկնե՞ն, հասկանում եք՝ դա ինչ է նշանակում»,- ասում են զինծառայողների հարազատները։
Նրանց խոսքով՝ այսօրվա վերաբերմունքը ցույց է տալիս, որ բոլորն անտեղյակն են ռազմագերիներից․ «Եթե ոչինչ չեն ուզում անել, մենք մեր միջոցները կձեռնարկենք։ Այս շենքից չենք հեռանալու մինչև մեզ հստակ պատասխան տան, թե մեր երեխաներին, երբ են վերադարձնելու դա լինելու է 29-ի՞ն, թե՞ 30-ին, դրանից ավել օր չենք սպասել և այստեղից չենք հեռանալու։ Ոչ մի երեխա չի հրաժարվում զինվորական ծառայութjունից, բայց մեր պահանջն է, որ այդ ծառայությունը շարունակեն մեր երկրում։ Մեզ ոչ մի քաղաքականություն չի հետաքրքրում, այստեղ ոչ ոք քաղաքականացված անձ չէ։ Երեխան վտանգի մեջ է և ոչ ոք չի կարողանում պատասխան տալ՝ կվերադառնա՞ երեխան, թե՞ ոչ։ Այս հարցին հստակ լուծում տվե՛ք»,- նշում են նրանք։