«Մենք չենք ուզում բարձրացնել քաղաքական որևէ հարց։ Կգնա՞, թե՞ կմնա իշխանությունը։ Դրանով կզբաղվենք վաղը, էսօր րոպե առաջ պետք է վերադարձնենք մեր տղաներին։ Մարդիկ, որոնք փորձում են վատաբանել էս հավաքը, սրա տակ գտնել ինչ-որ հոսանքներ, պոզեր, ես, չգիտեմ, մնում է երդվել․․․ էս հարցը էսօր հրատապ ա, որովհետև մեր զինվորի կյանքի հետ ա կապված։ Հավատացե՛ք, էս նամակները օգուտ կտան, մեր ձայնը պետք է հնչի ամբողջ աշխարհում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը, որը ևս մասնակցում է մտավորականների երթին։
Նա նշեց, որ քայլերթով շարժվում են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակ հանձնելու, որից հետո սպասելու են նրանց պատասխանին։
Թոխատյանն ասաց, որ իրենց քայլերը փորձում են համապատասխանեցնել ՄԻՊ գրասենյակի և ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի հետ, որպեսզի դրանք ի վնաս տղաների չլինեն․ «Երեկ խնդրել էինք, որ հավաքին լինեն միայն մեր զոհված տղաների լուսանկարները։ Վերջում, երբ գնացինք տուն, տեսանք մի լուսանկար, որն ուղղակի փողոցում գցված էր, դա խայտառակություն է, եթե վերցրել էիք գոնե բերեիք, տայիք ինձ կամ ակցիայի որևէ մասնակցի։ Ինֆորմացիա էր տարածվել, թե դիտմամբ պահել էինք գերիների լուսանկարները, դա սուտ է։ Մենք երեկ մի քանի անգամ կրկնեցինք, որ նրանց լուսանկարները չլինեն, որովհետև դրանով հնարավոր է՝ վնասենք մեր տղաներին»,- ասաց Հրանտ Թոխատյանը։