36-ամյա զոհված զինվորական Ռոմա Լալայանը բռնեց հավերժի ճամփան՝ կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Նա ամուսնացած էր և ունի մեկ անչափահաս տղա:
Բնավորությամբ հավասարակշիռ էր, նրբանկատ, քաղաքավարի, իսկ էությամբ՝ հայրենասեր, Արցախի հողին ու ջրին նվիրված։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի կինը՝ Նունե Շահնազարյանը:
Նրանց ընտանիքը ապրում էր սահմանին մոտ: Շաբաթ և կիրակի օրերին, երբ ազատ ժամանակ էր լինում, նախընտրում էին ընտանիքով շրջել Արցախի վանքերով ու բերդերով. «Միշտ ասում էր, որ մայրերի ափի մեջ է ազգի ճակատագիրը: Պետք է հետևողական լինեմ տղայիս կրթության և դաստիարակության հարցում»,- ասաց Նունեն:
Հերոսը զինվորական էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանային բաժինը և 2005 թվականից ծառայել էր Արցախի տարբեր զորամասերում. «2017 թ-ին ընտանիքով Ստեփանակերտից տեղափոխվեցինք սահմանամերձ Զորավան։ Ամուսինս տվյալ տարածքում տեղակայված զորամասի հրետանու շտաբի պետն էր»,- նշեց Ռոմայի կինը:
Նա նախքան պատերազմը սկսելն էր մեկնել դիրքեր՝ հերթական մարտական հերթապահությունը իրականացնելու նպատակով. «Սեպտեմբերի 25-ից դիրքերում էր, հաջորդ օրը պիտի տուն գար, որ գնայինք գյուղ։ Առավոտյան զանգահարեց, ասաց՝ այսօր չեմ գա։ Հարցիս, թե ինչու, պատասխանեց՝ զգոնության համար է։ Առավոտյան սկսեց հրթիռահրետակոծությունը»,- վերհիշեց Նունեն։
Վերջինս նշեց, որ ամուսնու տրամադրությունը մշտապես մարտական էր, և երբ զանգահարում էր կնոջը, ասում էր՝ չընկճվի, ամեն ինչ լավ է լինելու. «Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 25-ին՝ առավոտյան։ Տրամադրությունը լավ էր, ասում էր՝ իմ զինվորները կորյուններ են, գերազանց կատարում են իրենց առջև դրված խնդիրը»,- նշեց Նունե Շահնազարյանը:
Ռոման զոհվել է հոկտեմբերի 25-ին հակառակորդի ավիացիայից:
Զվարթ Պետրոսյան