Ադրբեջանի զինված ուժերն ակտիվորեն տեղաշարժ են իրականացնում Հայաստանի սահմանների մոտ «մոխրագույն գոտում»: Այս մասին հայտնում է Wargonzo Տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցների աղբյուրը:
«Աղբյուրների տվյալներով՝ օգտվելով իրավիճակից, որը ստեղծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ադրբեջանցի զինվորականները փորձում են լավացնել իրենց դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաեւ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում:
Դա կապված է նաեւ նրա հետ, որ Արցախի որոշ շրջանների՝ Բաքվի հսկողության տակ անցնելուց հետո հայկական ծառայությունները, որոնք ապահովում են սահմանի անվտանգությունը, պատասխանատվության հավելյալ գոտիներ են ստացել, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանական (որոշ առումով բավական իրական) ճակատը մեծացել է մի քանի տասնյակ կիլոմետրով:
Քանի դեռ սահմանների դեմարկացիայի հետ կապված իրավիճակը մնում է օդում կախված, եւ այդ հարցով դեռ բանակցություններ են ընթանում, Ալիեւը՝ «օգտվելով աղմուկից», հույս ունի «խլել» Հայաստանի հավելյալ տարածքներ:
Թե կոնկրետ որ հատվածներում են Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ տեղաշարժ իրականացնում, @wargonzo նախագիծը կհայտնի առաջիկայում»,-հայտնում է ալիքը: