Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը կարող է թեթևացնել լարվածությունը շփման գծում: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Նախագահների հանդիպումից հետո շփման գծոում լարվածությունը կարող է թուլանալ: Հանդիպման ընթացքում կողմերն ամենայն հավանականությամբ կքննարկեն այդ հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ասատրյանը:

 

Նա ընդգծեց, որ այս օրերին տարբեր ենթադրություններ են արվում նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված, սակայն ինքը չի ցանկանում կանխատեսումներ անել: «Ավելի լավ է մի փոքր սպասենք, և արդեն նախագահների հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչ արդյունքներ կան»,- նշեց ադրբեջանագետը:

 

Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում կրելով մարդկային զգալի կորուստներ' հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրում տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:

 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ մոտակա օրերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Նա ընդգծել է, որ երբ նրանք նույն պահին և նույն օրը հայտնվեն նույն տեղում, անհնար կլինի չխոսել հակամարտության մասին: