Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպումը կարող է նպաստել շփման գծում լարվածության հետագա թուլացմանը։ Լրագրողների հետ հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

 

«Ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Ուելսում և Փարիզում կայացած հանդիպումներից հետո կարելի է նկատել շփման գծում լարվածության որոշակի թուլացում: Հատկապես ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո ոչ ոք չի ցանկանում, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր կետ առաջանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փորձագետը:

 

Մինասյանը նշեց նաև, որ փարիզյան հանդիպումից հետո համատեղ հայտարարության բացակայությունը ապացուցում է այն հանգամանքը, որ ձեռք բերված որոշակի համաձայնությունները բխում են հենց Հայաստանի շահերից։ «Ադրբեջանը չէր կարող Հայաստանին ձեռնտու պայմանավորվածության մասին խոսել, քանի որ դա չի բխում իր շահերից»,- պարզաբանեց փորձագետը։

 

2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Օլանդը կոչ է արել կողմերին ցուցաբարել անհրաժեշտ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները և առաջարկել է սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները։