ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի այցը Երևան շատ կարևոր է, և հանդիպումներն առաջին հերթին միտված կլինեն ոչ թե բանակցային գործընթացի վերաբերյալ լուրջ քննարկումներին, այլ շփման գծում վստահության ամրապնդման նպատակով մեխանիզմների կիրառմանը, որոնք պետք է լինեն ԵԱՀԿ շրջանակում: Տեսակետը քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանինն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մինասյանը շեշտում է, որ հարցը Դաչիչը կքննարկի նաև Բաքվում, սակայն էական զարգացումներ այդ առնչությամբ չեն լինի: «Այդ մեխանիզմների կիրառման նպատակն է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազի, վստահությունն ամրապնդվի: Սակայն չեմ տեսնում այն ազդանշաններն ու քաղաքական կամքը, որ Ադրբեջանը կարողանա գնալ նման քայլի»,- ասաց Միասյանը:
Հունիսի 2-3-ն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: ԵԱՀԿ գործող նախագահին կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է Իվիցա Դաչիչի հանդիպումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս: