Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ով օգոստոսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում, հայտարարել է, որ ողբերգական կորուստները եւ ցանկացած լարվածություն, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում հակամարտ զորքերի շփման գծում, մեծ անհանգստություն են առաջացնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրեն» լրատվական գործակալությունը, Մորնինգսթարը հայտարարել է իր դիվանագիտական առաքելության ավարտին նվիրված ելույթում:
«Անհրաժեշտ են նոր փորձեր ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորելու համար»,-ասել է դեսպանը:
Նրա խոսքով, զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները խիստ անհանգստացնում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը «մեկ անգամ եւս ապացուցում է կարճ ժամկետներում այդ սարսափելի հակամարտության լուծման կարեւորությունը»: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով իր աշխատանքը:
Ռիչարդ Մորնինգսթարը նաեւ նշել է, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը տարբեր կերպ են մոտենում որոշ հարցերի, բայց եւ այնպես կարեւոր է յուրաքանչյուր գործընկերոջ հետ տեւական երկխոսությունը:
ԼՂ հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) չորեքշաբթի տարածած հայտարարության են մեջ լուրջ անհանգստություն են հայտնել հակամարտության տարածաշրջանում աճող լարվածության եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի առթիվ: Նրանք հակամարտության կողմերին կոչ են արել պարտավորություն ստանձնել զոհերից խուսափելու համար, ինչպես նաեւ հրաժարվել գյուղերի եւ քաղաքացիական բնակչության կանխամտածված գնդակոծությունից: Համանախագահները նաեւ ԱԳՆ ղեկավարներին կոչ են արել նվազ եցնել լարվածությունը եւ համատարիմ մնալ զինադադարի սկզբունքներին: