Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի վերջին նիստում հնչած քննադատական այն կարծիքները, որոնք կապված են Իրանի կողմից Հայաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերի հետ: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Իրանցի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանն ընդհանուր առմամբ դրականորեն է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները: Դիվանագետը հայտարարել է, որ չի կարծում, թե Իրանը երկակի մոտեցում է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ:
«Երկար տարիներ հակամարտության հանդեպ Իրանի դիրքորոշումը եղել է անփոփոխ: Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորում, չենք ցանկանում տարածաշրջանում պատերազմի վերսկսում, քանի որ դա չի բխում տարածաշրջանի շահերից:
Իսրայելական ռեժիմը օկուպացրել է պաղեստինյան տարածքները, ճնշում է բնակչությանը: Պաղեստինի ու Ղարաբաղի հարցերն ամբողջովին տարբեր են: Մենք կարծում ենք, որ իսրայելական վարչակարգը սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար, ինչի համար էլ այն պետք է փոխվի, իսկ Պաղեստինի ժողովուրդը դառնա իր հողերի տերը:
Այսօր Գազայի բնակչությունը շրջափակման մեջ է: Իսրայելական վարչակարգը խոչընդոտում է նրանց սննդամթերքի ու դեղորայքի մատակարարմանը: Հորդանան գետի արևմտյան ափի բնակչությունը նույնպես բախվում է Իսրայելի ճնշմանը:
Ես կարծում եմ, որ սխալ է այդ երկու հակամարտությունները համեմատելը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը նման չէ Պաղեստինյան հակամարտությանը: Այնտեղ Իսրայելի կատարած սպանդն ու կտտանքներն անհամեմատելի են Ղարաբաղի դեպքերի հետ:
Այլ հարց է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար երկրները բանակցում են, և մենք հուսով ենք, որ այդ բանակցություններն օգուտ կբերեն: Միևնույն ժամանակ մենք չենք տեսնում խաղաղ ճանապարհով պաղեստինյան հարցի լուծումներ, մենք չենք հավատում դրան»,- նշել է դեսպանը: