ԱՄՆ-ը շատ անհանգստացած է ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում իրավիճակի վերջին սրմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեկ Խոգանը:
Խոգանը ափսոսանք է հայտնել երկու կողմերի կորուստների առթիվ, ինչպես նաեւ ընդգծել լարվածության վերացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ երկու կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ պետք է աշխատեն այդ լարվածությունն առանց հետաձգելու վերացնելու ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ ադրբեջանական բանակը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, կրելով բազմաթիվ կորուստներ' հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմը երկու զինվոր է կորցրել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է «վերջին երեք օրերին մարտերում» Ադրբեջանի զինված ուժերի 8 զինծառայողների զոհվելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում երկու սպաների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների զոհվելու եւ 4 զինվորների վիրավորվելու մասին: