Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըգովի գլխավորությամբ մի խումբ սպաներ մեկնել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գիծ' ստուգելու իրավիճակը շփման գծում տեղակայված ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Այցը կապված է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավարեւելյան սահմանին մոտ գոտում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ, որի հետեւանքով երեք զինծառայողներ' այդ թվում մեկ կապիտան զոհվել, 6-ն էլ վիրավորվել են: Միջադեպի պատճառը անձամբ տեղում պարզելու համար ապրիլի 8-ին մի խումբ բարձրաստիճան սպաների հետ շփման գիծ էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

 

Բացի այդ, ադրբեջանական ԶԼՄ-ները ապրիլի 7-ին հայտնել էին, որ Ադրբեջանի օդուժի գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալըեւը ինքնասպան է եղել' կախվելով սեփական տանը: Նույն օրը երեկոյան ադրբեջանական բանակի զորամասերից մեկում զինվոր Սեյմուր Ռուստամ օղլու Գերեքմեզլին իրեն ամրակցված ավտոմատ զենքով գնդակահարել է իր ծառայակից զինվոր Ինթիգամ Իլհամ օղլու Իսմայիլովին եւ զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիեւին: Զինվոր Ինթիգամ Իսմայիլովը տեղում մահացել է, իսկ փոխհրամանատարը' ծանր վիրավորվել:

 

Միջադեպի հետ կապված' Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի զինվորները զոհվել եւ վիրավորվել են «ղարաբաղյան պատերազմի ժամանակներից մնացած հակատանկային ականի պայթյունի» հետեւանքով, որը, իբր շատ խորը տեղադրված լինելու պատճառով հնարավոր չի եղել հայտնաբերել ականազերծողների կողմից:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը ապրիլի 8-ին հայտարարել է, որ ապրիլի 7-ին ժամը 22:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ (Մարջանլու) հակառակորդը ձեռնարկել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն, որը կանխվել է ԼՂՀ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից: Ադրբեջանաական գրոհայինները հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է երեք զոհ (որոնցից մեկը ' սպա) եւ 6 վիրավոր: Ադրբեջանական կողմին դիմակայելու ժամանակ ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

 

2014 թ. սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 22 զինծառայող, որոնցից 17-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: 32 զինծառայող էլ վիրավորվել եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: