Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի խումբ սպաների հետ շտապ մեկնել է ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գիծ' անձամբ պարզելու ապրիլի 7-ին մոտ ժամը 22:30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավարեւելյան սահմանի մոտ գոտում տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառը, որի հետեւանքով երեք զինծառայողներ' այդ թվում մեկ կապիտան զոհվել, 6-ն էլ վիրավորվել են: Այս մասին հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր վիրաբույժն ու գլխավոր վնասվացքաբանը վիրավորներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար եւս մեկնել են Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղում գտնվող զինվորական հոսպիտալ: Ծանր վիրավորված զինվոր Էմին Թալըբ օղլու Թալըբովին ուղղաթիռով տեղափոխել են Բաքու: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլիի ուղղությամբ Ջաբրայիլի շրջանի Ջոջուք-Մարջանլի գյուղի տարածքում խրամատի ամրացման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ապրիլի 7-ին հայտնել էին, որ Ադրբեջանի օդուժի գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալըեւը ինքնասպան է եղել' կախվելով սեփական տանը: Ապրիլի 7-ի երեկոյան ադրբեջանական բանակի զորամասերից մեկում զինվոր Սեյմուր Ռուստամ օղլու Գերեքմեզլին իրեն ամրակցված ավտոմատ զենքով գնդակահարել է իր ծառայակից զինվոր Ինթիգամ Իլհամ օղլու Իսմայիլովին եւ զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիեւին: Նախնական տվյալներով' միջադեպը «անզգուշության» հետեւանք է: Զինվոր Ինթիգամ Իսմայիլովը տեղում մահացել է, իսկ փոխհրամանատարը ծանր վիրավորվել է:
2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 22 զինծառայող, որոնցից 17-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: 32 զինծառայող էլ վիրավորվել եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: