ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստություն է հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ դիվերսիոն գործողությունների հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում Ուորլիքը հետևյալ գրառումն է թողել. «Մենք լուրջ անհանգստություններ ունենք շփման գծում տեղի ունեցած բռնությունների, լարվածության մեծացման առնչությամբ: Զինադադարի համաձայնագիրը պետք է խստորեն պահպանվի»:
Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության' հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ' Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն:
Ներկայում ադրբեջանական կողմից հարձակման ենթարկված տարածքն ամբողջությամբ գտնվում է Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ: Դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը հայտարարել է 9 զոհի մասին, սակայն տեղեկություններ կան 14 զոհի մասին: