Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանը մտել է փակուղի և շփման գծում լարվածություն առաջացնելու առիթներ է փնտրում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Շփման գծում լարվածության միակ պատասխանատուն և մեղավորն Ադրբեջանն է: Երկու կողմերի բոլոր զոհերի պատասխանատուն եւ մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է։

 

Վերջին դեպքի հետ կապված էլ նույնը կասեմ, որ միակ մեղավորը դա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է: Անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, ապա թաքնվել նրանց թիկունքում՝ փորձելով քողարկել սեփական ահաբեկչական էությունը»,- նշեց Շարմազանովը։
Շարմազանովը հավասարակշռված որակեց միջազգային հանրության գնահատականները և ընդգծեց, որ այդ առումով էլ Ադրբեջանի ցանկությունները ձախողվել են: «Կան տեսանյութեր, մեր զինուժը հրապարակել է դրանք: Մենք ունենք հստակ ապացույցներ, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը»,- ասաց Շարմազանովը։

 


ՀՀ ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ Ադրբեջանի վերջին օրերի պահվածքը կարող է կապված լինել բուլղարական մամուլում հայտնված սկանդալային բացահայտման հետ՝ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք մատակարարելու վերաբերյալ: