19-ամյա Կարեն Խաչատրյանը ծառայում էր Ջաբրայիլում: Հունվարին բանակ զորակոչված Կարենն անհամբերությամբ է սպասել այդ օրվան: Պատերազմին եղել է ամենաթեժ կետերում, ընկել հերոսի պես:
Կարենի զինակից ընկերները պատմում են, որ հրամանատարը նրան` որպես անվախ զինվորի, իր հետ առաջ է տարել:
«Հակառակորդին երկու օր շարունակ չի հաջողվել գրավել տվյալ դիրքը, օգտագործել է տարբեր տեսակի զինատեսակներ: Կարենը սկզբից վնասվածք է ստացել ձեռքի և ոտքի շրջանում: Ընկերները փորձել են դուրս բերել նրան, բայց չեն հասցրել, գլխի շրջանում ևս վնասվածք է ունեցել, մարմնի կեսը վառվել է ու էլ չեն կարողացել փրկել Կարենիս»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, հուզմունքը զսպելով, պատմում է Կարենի քույրը՝ Մարինա Խաչատրյանը:
Սեպտեմբերի 26-ին Կարենը դիրքեր է բարձրացել, ընտանիքը մինչև հոկտեմբերի 2-ը նրանից տեղեկություն չի ունեցել: Հոկտեմբերի 3-ին զանգել է քրոջը, ասել, որ ամեն ինչ լավ է. «Կարենի ձայնը փոխված էր, սկզբում չճանաչեցի, հետո ասաց՝ լավ եմ, հանկարծ չվախենաք ու չնեղսրտեք, ամեն ինչ լավ է լինելու: Հարցրի՝ իսկ դու չե՞ս վախենում, այդ հարցից բարկացավ»:
Սա քրոջ և եղբոր միջև վերջին խոսակցությունն է եղել, Կարենից հերթական զանգն այլևս չեն ստացել: Հերոսը զոհվել է հոկտեմբերի 4-ին՝ զանգից ճիշտ մեկ օր հետո: Ընտանիքը դեպքի մասին իմացել է նոյեմբերի 27-ին:
Հանգիստ բնավորության տեր Կարենը Վարդենիսից էր, զբաղվում էր հունահռոմեական ըմբշամարտով, 2005 թվականին էլ Լեհաստանից ոսկե մեդալով էր վերադարձել: Սպորտի ոլորտում բազում հաջողություններ գրանցած Կարենը մտադրություն ուներ շարունակելու այն, բայց, ավաղ, չկարողացավ...
Արփինե Հակոբյան