«Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը սադրիչ գործողություն է նաև Ռուսաստանի Դաշնության դեմ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունը կասեցնելու ժամանակ, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել. «Այս գործողություններն ուղղված են ինչպես Արցախի, այնպես էլ Ռուսաստանի դեմ: Չի բացառվում, որ այդպիսի սադրիչ գործողությունների ադրբեջանական կողմը դիմի նաև հետագայում: Կարծում եմ՝ այդ դեպքում պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ ռուս խաղաղապահների կողմից»,- ասաց նա՝ նշելով, որ նախ հարկավոր է ճշտել, թե ինչ հանգամանքներում և ինչպես է եղել դեպքը:
Սակայն, Բաբայանը կարծում է, որ նմանատիպ գործողություններից կամ Բաքվում անցկացվող շքերթից պետք չէ մտահոգվել, քանի որ Արդբեջանի գործելաոճը վաղուց է հայտնի:
«Առավել կարևոր վտանգ են նեկայացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետհարաբերությունների բարելավման վերաբերյալ կոչերը»,-մտահոգություն հայտնեց Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել 3 պահեստազորայիններ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ փորձում են խեղաթյուրել իրականությունը, տեղեկություններ են տարածում, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերն են հարձակում կատարել, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Սակայն ՊԲ-ն հերքել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Սոնա Հարությունյան