Օրեր առաջ Ադրբեջանից վերադարձած 45 հայ գերիները Հայաստան ժամանելուց անմիջապես հետո առողջապահական անհրաժեշտ հետազոտություններ են անցել, բոլորն էլ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ համապատասխան աջակցություն ստանալու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը:
Սակայն չցանկացավ նշել, թե առողջական ինչ խնդիրներ են առկա հայրենիք վերադարձած գերիների մոտ՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է, ուստի չի կարող հայտնել: Նրա խոսքով՝ բոլոր գերիների հարազատները տեղեկացվել են նրանց վերադարձի մասին:
Հունանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս պահին Հայաստանում կա՞ն ադրբեջանցի գերիներ, որոնք փոխանակվելու են «բոլորը՝ բոլորի դիմաց» պայմանավորվածության համաձայն. «Հայաստանում կան ադրբեջանցի գերիներ, որոնք ամենայն հավանականությամբ կփոխարինվեն մեր գերիների հաջորդ խմբի հետ: Թե ինչպես կլինի դա՝ կորոշվի բանակցային գործընթացների ընթացքում»,- նշեց նա:
Հունանյանը դժվարացավ ասել, թե երբ կլինի հաջորդ փոխանակումը. «Այս պահին ժամկետ չեմ կարող նշել, քանի որ հայտնի չէ, բայց ինտենսիվ բանակցություններ են ընթանում դրա իրականացման համար», - նշեց նա:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, թե գերիների հետ Հայաստան է տեղափոխվել նաև դի՝ Հունանյանը հերքեց՝ վստահեցնելով, որ մահացած անձ չի եղել:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանակումը։ Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 12, ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 45 անձի։