Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Կապանի օդանավակայանը շրջափակվել է ադրբեջանական ուժերի կողմից: Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի և Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանի հետ, որոնք մեզ հետ զրույցում հերքեցին այդ լուրի իսկությունը:
Խոսեցինք նաև Սյունքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը ևս հերքեց այն՝ հավելելով. «Բացարձակ սուտ է, հիմար լուրեր են շրջանառվում: Այսօր 3 ժամ առաջ Կապանի օդանավակայանի հարևանությամբ՝ մայրուղու վրա, որը M2-ն է, եկել է 1 ռուսական մեքենա՝ 4 հոգով՝ զինված գնդացիրով, այդտեղ իրենք տեղակայվել են և հայտնել, որ այդ կողմով իրենք ապահովելու են մեր անվտանգությունը»,- ընդգծեց նա:
Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռուս խաղաղապահների տեղակայումը օդանավակայանի կողքին, պատասխանեց, որ որևէ լարվածությամբ այն պայմանավորված չէ, պարզապես նրանք հետևում են պայմանավորվածությանը. «Խաղաղապահները մշտապես կապ են պահպանում քաղաքապետի հետ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պայմանավորվածության»,- ասաց Վահե Հակոբյանը: