Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում տարածքների հետ կապված։ Ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմանին, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել, թե որն է Սյունիքի պետական սահմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյան։
«Էն գործիքակազմը, որ օգտագործում են ՀՀ իշխանությունները սահմանագծման համար, դա թուրքերի որդեգրած սկզբունքն է։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և չենք ուզում համաձայնվել։ Սյունիքի մարզը դրվում է վտանգի տակ։ Եթե այս պրոցեսը շարունակվի՝ միանշանակ կկորցնենք Սյունիքը։ Սյունիքը մերն է և մենք չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակից լինել։ Ելքը հետևյալն է՝ կառավարությունը, քանի որ չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում այս գործընթացը կառավարաման տակ պահել, անհապաղ պետք է հեռանա և ղեկը հանձնի այնպիսի մարդու, ով պատրաստ է պատասխանատվություն կրի այս գործընթացի համար»,-ասաց Հովսեփյանը։
Նշենք, որ Սյունիքի մարզում քաղաքացիները փակել են ճանապարհը։