2019թ. մինչ օրս պետական տարբեր կառույցներում անհասկանալի պարբերականությամբ վճարվող պարգևավճարների մարաթոն է սկսվել։ Պարգևավճարներն այնքան շատ են ու այնքան համատարած, որ մարդիկ արդեն նույնիսկ կորցրել են հաշիվը։ Պաշտոնական պարզաբանումներից ակնհայտ է դառնում, որ պարգևավճարները տրամադրվում են յուրաքանչյուր ամիս, փաստորեն, հավասարեցվելով աշխատավարձի արհեստական բարձրացմանը։
Վարչապետի աշխատակազմում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում վճարված պարգևավճարի ընդհանուր գումարը կազմել է 22.292.800 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 46.000 ԱՄՆ դոլարին։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո սկսել է պարգևատրումներ ստանալ՝ ընդհանուր առմամբ 11 անգամ: 2020 թվականի առաջին կիսամյակում Զարեհ Սինանյանը պարգևատրվել 4 անգամ, որի ընդհանուր գումարը կազմել է 2.738.000 դրամ։
ԱԺ-ում 2020 թվականի փետրվարից մինչ 2020 թվականի օգոստոս պարգևատրումների ընդհանուր գումարի չափը կազմել է 82.244.830 դրամ: Օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց , որ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին կրկին պարգեւավճար է տրվել, ընդ որում՝ աշխատավարձի 100%-ի չափով:
Պարգևավճարները առատորեն բաժանվել են նաև պատերազմի օրերին; ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ եւ 962 հազար 305 դրամ պարգեւավճար:
Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբերին պարգևավճար են ստացել:
Պարգևավճարների ֆոնդից հունվար և փետրվար ամիսներին Երևանի քաղաքապետարանում բաժանվել է 29,017,001 դրամի չափով պարգևավճար: 2020-ի երկրորդ եռամսյակում ընդհանուր պարգեւատրման ֆոնդը կազմել է 47,053,217 դրամ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին Երեւանի քաղաքապետարանի պարգեւավճարների ֆոնդը կազմում է 1 մլրդ 900 մլն դրամ:
ՊԵԿ-ում 2020-ի համար 5 մլրդ դրամից ավելի պարգևավճարի ֆոնդ է նախատեսված. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին պարգևատրվել են մեկ անգամ' սեպտեմբեր ամսվա համար, որը կազմել է 496,198.0 հազար դրամ (ավելի քան 1 միլիոն դոլար): Պարգևատրումն իրականացվել է աշխատակցի անմիջական ղեկավարի կողմից տրված գնահատականի հիման վրա:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 դրամ պարգևատրում:
Ֆիննախում 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար են ստացել պատերազմի թեժ օրերին:
Պետական վերահսկողական ծառայությունում 2020 թվականի հունվարից մինչ օրս պարգևատրվել է յուրաքանչյուր ամիս 87-105 աշխատակից, պարգևատրումների ընդհանուր գումարի չափը կազմում է 123 մլն 115 հազար ՀՀ դրամ:
Արտաքին գործերի նախարարությունում նոյեմբեր ամսվա համար 250 աշխատակիցներ ստացել են պարգևավճար իրենց պաշտոնային դրույքաչափի 10-50%-ի չափով, ընդհանուր՝ 17.563.553 դրամ, որը համարժեք է շուրջ 35.000 ԱՄՆ դոլարին։ Իսկ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանը, նախարարի տեղակալները և գլխավոր քարտուղարը նոյեմբեր ամսվա համար ստացել են հավելավճար, ընդհանուր՝ 2.165.208 դրամի չափով։
2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 353.876.200 դրամ (ներառյալ հարկերը), որը համարժեք է շուրջ 730.000 ԱՄՆ դոլարին։ Իսկ ամսական պարգևավճարի չափը նախատեսված է 120.950.000 դրամ (ներառյալ հարկերը), որը համարժեք է շուրջ 250.000 ԱՄՆ դոլարին։ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ընդհանուր քանակը, ըստ հաստիքացուցակի, կազմում է 1088 աշխատակից:
2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվան։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ հեղափոխական իշխանությունների՝ ժողովրդի մասին մտահոգվելու աստիճանի մասին…