Նոր քաղաքական թիմը, գալով իշխանության, փորձում էր իրեն ներկայացնել իբրև «քյասիբ հեղափոխականների», սակայն, երբ եկավ պահը` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացնել ֆինանսական հայտարարագրերը, պարզ դարձավ, որ քյասիբությունը բնավ էլ նոր քաղաքական էլիտայի մասին չէ: Եվ այսպես՝
 
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: Անշարժ եւ շարժական գույք հայտարարագրված չէ: Հ. Արշակյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 30 000 000 ՀՀ դրամ: Արդեն 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 25 000 000 ՀՀ դրամ: Հ. Արշակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 6 265 082 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 3 աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 300 000 ՀՀ դրամ, 300 000 ՀՀ դրամ եւ 4 665 082 ՀՀ դրամ»:
 
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն ՊապիկյանըԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: 2018թ. հարկային տարվա սկզբում Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները կազմել են 1 300 000 ՀՀ դրամ և 1400 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 2 300 000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար:
 
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 14 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցի չափը կազմել է 13 000 000 ՀՀ դրամ: Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 9 242 525 ՀՀ դրամ: Նշված եկամտից 4 777 490 ՀՀ դրամը և 1 379 475 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարագրել է «BMW 528» եւ «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք առկա են եղել հարկային տարվա սկզբում: Հարկային տարում ավտոմեքենաներն օտարվել են. «BMW 528»-ը վաճառվել է 4 200 000 ՀՀ դրամով, իսկ «BMW X5 3.0 I»-ը՝ 8 700 000 ՀՀ դրամով:
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները ենթաբաժնում նախարարը հայտարարագրել է 20 331 ՀՀ դրամ փոխառություն: Թորոսյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 435 000 ՀՀ դրամ, 15 000 եվրո եւ 21 000 ԱՄՆ դոլար: Նշված դրամական միջոցների չափերը հարկային տարվա վերջում համապատասխանաբար կազմել են 1 925 000 ՀՀ դրամ, 22 000 եվրո եւ 1400 ԱՄՆ դոլար: Ա. Թորոսյանի եկամուտների հանրագումարը 2018թ. կազմել է 26 245 000 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 6 520 000 ՀՀ դրամը եւ 5 700 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից:
 
Այսքանից հետո մնում է ենթադրել, որ եթե ի վերջո Փաշինյանը որոշի շքեղության հարկ մտցնել, ապա այդ հարկի տակ առաջին հերթին ընկնելու են իր թիմակիցները, որոնք հստակ քայլերով գնում են զբաղեցնելու օլիգարխիայի դատարկ մնացած սուրբ տեղը...