Օրեր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն հայտնած վարչապետ Փաշինյանն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ դրանց ընդառաջ անկում ապրած վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ: Վերջինիս քայլերը ցույց են տալիս, որ մոտ ապագայում մեզ սպասվում են նոր «բռնոցիներ» և քաղաքական հետապնդումներ, որոնց օգնությամբ իշխանությունները փորձելու են ռեաբիլիտացվել հանրության աչքերում:
Դիցուք՝ միայն դատական համակարգի բարեփոխումից հետո արտահերթ ընտրություններ խոստացող Փաշինյանը հանձնարարել է մշակել դատական համակարգի բարեփոխումների այն փաթեթը, որով իշխանությունները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ընտրելու են դատավորների, ովքեր, ի տարբերություն ներկայումս պաշտոնավարող մի շարք դատավորների, հրահանգով բավարարելու են կալանավորման և այլ միջնորդությունները՝ այդ կերպ կատարելով քաղաքական պատվեր։ Փաշինյանը նաև ամրապնդում է իր դիրքերը ուժային համակարգում՝ ԱԱԾ նախկին պետ, պատերազմի օրերին անհասկանալի պատճառով այդ պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանին նշանակելով քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Ըստ երևույթին, Փաշինյանը կորցրել է վստահությունը քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանդեպ և որոշել է կառույց ներդնել յուրայինի: Սրան զուգահեռ` շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է արագացնել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, քանի որ հանրության մոտ այս պրոցեսի հետ կապված օբյեկտիվ դժգոհություններ են ի հայտ եկել: Այսօր արված գրառմամբ էլ Նիկոլ Փաշինյանը պատերազմում կրած պարտության գլխավոր պատճառներից մեկը անվանել է այն, որ իր կառավարությունը 2.5 տարում չի հասցրել 30 տարվա թալանվածը վերականգնել ամբողջ ծավալով:
Ինչպես երևում է՝ անելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անոնսը և գիտակցելով իր ցածր վարկանիշը` Փաշինյանը պատրաստվում է 2.5 տարում չարածը անել մի քանի ամսում, կամ առնվազն ստեղծել սխալների ուղղման բուռն իմիտացիա: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մեզ սպասվում են նոր բռնոցիներ, մասկի-շոուներ և քաղաքական հետապնդումներ:
Որոշ տեղեկությունների համաձայն` Փաշինյանի թիրախների ցուցակը գլխավորելու են երկու նախկին պաշտոնյաներ՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խաչատրյանը այս տարվա հոկտեմբերին էր գրավի դիմաց ազատվել կալանքից, միևնույն ժամանակ դատարանը չի թույլատրել վերջինիս լքել Հայաստանի տարածքը և մեկնել Գերմանիա բուժման նպատակով: Ինչ վերաբերվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա հեղափոխությունից հետո ունի մեղադրյալի կարգավիճակ միայն «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով և ամեն ինչ գնում է նրան, որ ականատես կլինենք Աբրահամյանի անձի հետ կապված նոր «ցնցող բացահայտումների»:
Այսօր, երբ պատերազմում կրած պարտությունից և կապիտուլյացիոն խայտառակ ակտից հետո Փաշինյանը ունի վարկանիշային լրջագույն ճգնաժամ, նա, կարծես թե, որոշել է հեծանիվ չհայտնաբերել և գնալ փորձված ճանապարհով: Սակայն, ինչպես սիրում էին ասել հենց իրենք` հեղափոխականները՝ իրավիճակ է փոխվել և ժողովուրդին խաբել տարատեսակ մասկի շոուներով այլևս շատ բարդ է լինելու, եթե չասենք՝ անհնար…