Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները մի քանի ժամ ավտոճանապարհը փակելուց հետո այն բացել են։ Հիշեցնենք, որ գյուղի բնակիչներին ադրբեջանցիները 1 օր ժամանակ էին տվել` գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։
«Տոների հետ կապված մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի` պարզ չի։ Եթե որոշվի, որ հողը պետք ա տան, մեկ–երկու ժամվա հարց չի լինելու։ ԱԱԾ–ն խոստացել ա, որ իրավիճակը կվերահսկվի, որ հայ սահմանապահ զորքը մինչև վերջին վայրկյանը կկանգնի գյուղացու կողքին, կլինի կազմակերպված էվակուացիա», – ասել է Արշակյանը։
Մարզպետարանը խոստացել է տրանսպորտ տրամադրել գյուղացիներին, ինչպես նաև տների համար դրամական փոխհատուցումներ տալ։
«Էսօր եկան մարզպետարանից, մեր տները նկարեցին։ Ասեցին` գումար կտրամադրեն կամ էլ գուցե տներ սարքվեն հենց գյուղի մյուս հատվածում, գուցե մարդը ուզենա իր գյուղում մնա։ Բարեգործներ են շատ խոստացել օգնել», – ասում է գյուղապետը։
Ի դեպ, նաև իր տունն է մտնում հանձնվող 12 տների մեջ։ Նա վերաբնակվել է այդ տանը 1992 թվականին, լիովին վերակառուցել այն, այգիներ ու բոստաններ ստեղծել։
«Գիտես որն ա ամենացավալին, աղջիկ ջան… Քանի միլիոն կտան, խնդիրը դա չի։ Հետո իմ թոռը ինձ չասի՝ պապի, էդ հողը վաճառեցիր երկու մանեթի դիմաց...», – ասում է նա։