ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպին։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ միջադեպն արձանագրվել է այն վայրում, որտեղ չեն եղել ռուս խաղաղապահներ:

«Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ դեռ չեն արձանագրվել: Դեկտեմբերի 13-ին շփման գծում արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ չկան ռուս խաղաղապահներ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին խուսափել միջադեպի աճից: Այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խախտումներ թույլ չտալու համար»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի։

Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական կողմը գրոհ էր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: