ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը այսօր գրառում էր արել, որում մեղադրում էր Ռուսաստանի հայ համայնքին՝ պատերազմի ընթացքում Արցախին ոչ բավարար չափով օգնություն տրամադրելու, Ադրբեջանի դեսպանության դիմաց ցույց չանելու և խրամատներում չկռվելու մեջ, պնդելով, որ Մոսկվայի հայ համայնքի «ուժը» պատում է միայն Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա անցկացնելուն:
Այս պարզ մանիպուլյացիային դիմած Ալեքսանյանը, դժվար թե, տեղյակ չլիներ, որ ՌԴ ողջ տարածքում, համավարակով պայմանավորված, գործում են հավաքների անցկացման սահմանափակումներ, իսկ ՌԴ քաղաքացիներ հանդիսացող հայերը մշտապես աչքի են ընկել իրենց օրինապաշտությամբ: Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույցերի բացակայությունը, սակայն, լրացվել է այն հսկայական նյութական և բարոյական աջակցությամբ, որը ՌԴ հայ համայնքը ուղղել է Հայաստանին և Արցախին: Խրամատներում չկռվելու մեջ ՌԴ հայերին մեղադրող Ալեքսանյանը չի կարող տեղյակ չլինել նաև այն հանգամանքից, որ պատերազմի սկսելու հաջորդ իսկ օրը ՌԴ հայ համայնքի ղեկավար Արա Աբրահամյանը հայտարարեց՝ 20 հազար հայորդու ցուցակագրվելու և որպես կամավոր Արցախ մեկնելու պատրաստակամության մասին: Ալեքսանյանը նաև քաջատեղյակ է, թե ինչպես ստացվեց և ով արգելեց, որպեսզի այդ խմբերը մեկնեն Արցախ՝ խրամատներ: Ինչ վերաբերվում է անհատներին, նրանք ոչ միայն ժամանել են, այլ նաև պատվով կատարել են իրենց պարտքը հայրենիքի առջև այդ նույն խրամատներում: Պատերազմի 44 օրերի ընթացքում հայ համայնքի ջանքերով հավաքվել և Արցախ է ուղարկվել հումանիտար օգնությամբ երեք ինքնաթիռ: ՌԴ-ում հայերի միությունը պատերազմի ողջ ընթացքում շարունակաբար դրամահավաքներ է կազմակերպել՝ միլիոնների հասնող օգնություն ուղարկելով Հայաստան և Արցախ, միլիոններ, որոնց ճակատագիրը, ի դեպ, դեռևս պարզ չէ: Անգամ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենն էր փաստում, որ այս տարի հիմնադրամին կատարած նվիրատվությունների չափով ՌԴ հայ համայնքի մասնակցությունը աննախադեպ էր: Պատերազմից հետո էլ Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչները քննարկում են պատերազմից տուժած քաղաքացիներին աջակցելու հարցը:
ՔՊ խոսնակին չի՞ հուզում, որ համայնքը, որի դեմ նա այսօր հոխորտում է' արել և անում է ավելին, քան ողջ ՔՊ-ական կառավարությունը միասին վերցրած: Խրամատներից խոսացող ՔՊ-ականները լավ կանեն հանրությանը ներկայացնեն, թե ուր էին պատերազմի ընթացքում, հենց իրենք իրենց թիմակիցներով՝ խրամատներո՞ւմ էին կռվում, թե՞ սահմանամերձ հյուրանոցներում սելֆի անելով էին զբաղված՝ սովորականի պես: Հարցը, իհարկե, հռետորական է, քանի որ պատերազմի ընթացքում խրամատներում կարկառուն ՔՊ-ականներից և ոչ մեկ այդպես էլ չնշմարվեց, իսկ սելֆիների պակաս, ինչպես գիտենք, չկար...