Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում և Երևանում տրամագծորեն հակառակ գնահատականն են ստացել: Այդ մասին գրել է «Կոմերսանտը» և հրապարակել տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանում հանդիպումը համարվել է արդյունավետ, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ, իսկ Հայաստանում ընդդիմությունը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին թուլակամության և հերթական դիրքերը զիջելու համար, քանի որ հայ հասարակությունը գերիների վերադարձը համարում է առաջնային խնդիր, մինչդեռ բանակցությունների ժամանակ քննարկվել են տնտեսական օրակարգին վերաբերող հարցեր:
«Կոմերսանտը» գրում է, որ բանակցությունների շրջանակում քննարկման 2 հիմնական ուղղություն կա: Առաջինն այն է, որ սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդն այն է, որ Երևանից Սյունիքի մարզ տանող երկաթգծի տարբերակն է, որն անցնում է Նախիջևանի միջով: Աղբյուրը նկատում է, որ 2 երթուղիներն ակտիվորեն օգտագործվում էին Խորհրդային Միության ժամանակ, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբով դրանք դադարեցին գոյություն ունենալ:
«Տրանսպորտային այս ուղիների փակման պատճառով ժամանակին տուժեց նաև Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Ռուսաստանից գնացքների տեղափոխումը Վրաստան անհնար դարձավ, Հայաստանը կորցրեց իր գլխավոր դաշնակցի հետ ամենահուսալի ուղին, իսկ Ռուսաստանը՝ կապը Թուրքիայի երկաթուղիների հետ»,- նշում է «Կոմերսանտը»:
Ըստ «Կոմերսանտի»՝ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կարող է լուրջ օգնություն դառնալ Հայաստանի համար, ինչը մինչ այժմ հնարավոր չէր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրները կապվում են միայն մեկ լեռնային ճանապարհով:
«Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան:
Բայց բանակցություններից հետո դե ֆակտո միայն Իլհամ Ալիևն իրեն հաղթող զգաց, իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կենտրոնացավ ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի վրա, որոնք վերաբերում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու Բաքվի ցանկության բացակայությանը, ինչպես նաև հայ ռազմագերիների ճակատագրին»,- նշվում է հոդվածում: