Չինաստանի Վուհան քաղաքից հայտնի գիտնականը, ով ստացել է «աշխարհի առաջին COVID֊ով հիվանդ» տիտղոսը, արդեն մեկ տարի է, ինչ կորել է, գրում է The Jerusalem Post֊ը: Տարբեր հաղորդագրությունների համաձայն՝ Հուանգ Յանլինգը աշխարհում առաջին մարդն է, ով զգացել է կորոնավիրուսի ախտանիշները, որոնք դեռ մոլեգնում են ամբողջ աշխարհում: Համապատասխանաբար, նա առաջինն էր, ում մոտ հիվանդությունը ախտորոշվեց 2019-ի վերջին, մինչդեռ մենք չգիտեինք, թե դա ինչ էր: Վիրուսաբան գիտնականն անհետացել է ավելի քան մեկ տարի առաջ, որի ընթացքում բազմաթիվ տեսություններ են ի հայտ եկել նրա անհետացման պատճառների մասին: Ըստ տեսություններից մեկի՝ նրա հետազոտական կենտրոնը կապված է համաճարակի բռնկման հետ, քանի որ փորձի ընթացքում վիրուսը կարող էր արտահոսել լաբորատորիայում: Այնուամենայնիվ, Չինաստանի կառավարությունը շտապ ջնջել է ցանկացած ցուցմունք, որը վերաբերում էր դրան կամ Հուանգի ինքնությանը՝ ընդհուպ մինչև սոցիալական ցանցերում պրոֆիլների հեռացումը: Վիրուսաբանության հետազոտական կենտրոնը, որտեղ նա աշխատում էր, հերքել է, որ Հուանգը իսկապես COVID-19֊ով հիվանդ էր:
Հուանգի անհետացման հետ կապված մեկ այլ տեսություն մատնանշում է, որ նրա անհետացման հետևում կանգնած է Չինաստանի կառավարությունը, ասվում է The Post-ի զեկույցում: Վերջին մի քանի օրերի ընթացքում Չինաստանի վրա ուժեղանում է միջազգային ճնշումը՝ հստակ ապացույց տրամադրելու համար, որը ցույց կտա Հուանգի գտնվելու վայրը և համաճարակի իրական աղբյուրը: Մի քանի օր առաջ չինական WeChat ակնթարթային հաղորդագրությունների հարթակում գրառում էր վերբեռնվել այն անձի կողմից, որը պնդում է, որ ինքը գիտնական է, ով աշխատում է Հուանգի հետ։ Նա պնդում է, որ Հուանգը ողջ է: «Ես շատ ժամանակ չունեմ խոսելու: Հուանգ Յանլինգը ողջ է։ Եթե դուք հաղորդագրություն ստանաք այն մասին, որ դա բամբասանք է, խնդրում եմ ասեք, որ դա ճիշտ չէ», - ասվում է հաղորդագրության մեջ: Դեռևս չկա որևէ փաստական ապացույց, որը մատնանշի Հուանգի գտնվելու վայրը։ Վիրուսաբանության կենտրոնի կայքում նույնպես նրա մասին որևէ հիշատակում չկա: