ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործում են նախկին կադաստրային արժեքները:
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայն:
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով՝ նախագծում կատարված լրացմամբ սահմանվել է, որ նրանց համար, ովքեր մինչև 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում, կգործեն նախկին կադաստրային արժեքները: Այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից: