Ապրիլի 8-9-ին Երեւանում տեղի կունենա «Առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ եւ թուրք գործարար կանանց ֆորում, որը կազմակերպում են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ւ-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը: Ֆորումի նպատակն է թուրք գործարար կանանց ծանոթացնել Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային եւ մաքսային համակարգին, ընկերությունների գրանցման ընթացակարգերին, ինչպես նաեւ նրանց գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար:

Ֆորումի բացմանը ելույթ կունենան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական աճի գրասենյակի մասնավոր հատվածի մասնագետ Դիանա Ավետյանը, Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նեւին Իլը, Դիարբեքիրի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը եւ «Կանանց ֆորում» կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը: Բանախոսները կարեւորել են միջոցառմանը գործարար կանանց մասնակցությունը, որը նրանց համար գործնական կապեր հաստատելու եւ ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորություն է:

Ֆորումին մասնակցում են 25 հայ կին գործարարներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից, բժշկական կոսմետոլոգիայից, հրուշակեղենի, արհեստագործական իրերի ու տեքստիլի արտադրություններից մինչեւ շինարարություն եւ շինանյութերի արտադրություն: Թուրքական կողմից միջոցառմանը մասնակցում են 30 կին գործարարներ՝ զբոսաշրջության, բժշկության, շինարարության, ապրանքների փաթեթավորման, կաթնամթերքի արտադրության եւ բեռնափոխադրումների ոլորտներից:

Ֆորումի առաջին օրը տեղի կունենա ցուցահանդես, որտեղ հայ եւ թուրք գործարար կանայք կներկայացնեն իրենց պրոդուկտները: Նաեւ զեկույցով հանդես կգան Զարգացման հայկական գործակալության եւ Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Ֆորումի երկրորդ օրը Պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի Հայաստանի հարկային եւ մաքսային ընթացակարգերը, ինչպես նաեւ կկազմակերպվեն «բիզնեսը՝ բիզնեսին» ձեւաչափով հանդիպումներ եւ գործնական այցելություններ: