Թուրքիայի 2011 թ-ին հիմնադրված «Արեւելյան եւ հարավարեւելյան շրջանների գործարար կանանց միությունը» հանդես է եկել հայ-թուրքական սահմանը բացելու առաջարկությամբ: «Հայաստանի հետ սահմանը փակ է, ինչի պատճառով մենք Հայաստան ապրանք են ուղարկում Վրաստանի տարածքով: Հայաստան հասնելու համար 35 ժամ ճանապարհ ենք անցնում, մինչդեռ դա ավտոմեքենայով կարող ենք անել 6 ժամում: Անհրաժեշտ է սահմանը բացել: Սա առեւտրի տեսանկյունից շատ կարեւոր է»,- իր հայտ արարության մեջ նշել է միությունը:

 

Ինչպես հաղորդում է թուրքական internethaber.com լրատվական կայքը, միության ղեկավար Նեւին Իլին կայքի հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը բացվի, ապա իրենց կողմից կատարվող արտահանման ծավալը 50 տոկոսով կաճի: Նրա խոսքով' Վրաստանի տարածքով իրենց կողմից Հայաստան արտահանվող ապրանքների արժեքը 300 տոկոսով ավելանում է, իսկ ուղիղ արտահանումների ժամանակ ապրանքների արժեքը կաճի չնչին: Նա ասել է, որ ներկայում իրենք հայկական 10 կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրեր ունեն կնքած եւ համագործակցության ծավալները կաճեն, եթե սահմանը բացվի: