Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» գործով առաջին դատական նիստը, հաղորդում է News.am-ը` նշելով, որ Լևոն Սարգսյանն իր գործով դատավարությանը չի ներկայացել։
Լեւոն Սարգսյանը դիմում է ուղարկել դատարան, որ առանց իր ներկայության անցկացնեն նիստը։ Նա նաեւ խնդրել է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, իսկ գրավի չափը թողեց դատարանի հայեցողությանը։
Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց ներկայացված միջնորդության դեմ, շեշտելով, որ նրա նկատմամբ ընտրված կալանքը պետք է մնա անփոփոխ։
Դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ին։
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին պատգամավորը մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։
2019-ի նոյեմբերին Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել եւ տեղափոխվել է Հայաստան։