Hraparak.am-ը գրում է.

«Նախօրեին համացանցով տարածվել էր լուր, որ 15-ամյա մի տղա է կորել՝ Հրաչյան։ Մինչ բոլորը փնտրում էին նրան, երեկ տարածվեց բոթը՝ փրկարարները Հրազդանի կիրճում ծառից կախված հայտնաբերել են որոնվող 15-ամյա Հ․ Ն․-ի դին։ Գրվեց, որ 15-ամյա տղան «Բալդինինի» և «Հերմիտաժ» ցանցի սեփականատիրոջ որդին էր։ Մամուլում գրվեց, որ տղան սովորել է «Այբ» դպրոցում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։ Մենք տեղեկություն ունենք, որ տղայի ինքնասպանության վարկածներից մեկն այն է, որ նա օնլայն խաղի է մասնակցել՝ քվեստի։ Այդ խաղը հայկական է, ստեղծվել է Հայաստանում։ Սա մի խաղ է, որը նման է աշխարհում տարածված հայտնի синий кит խաղին։ Խաղի ընթացքում երեխան 50 օր կատարում է իրեն ուղղված հրահանգները, որոնք սկզբում վտանգավոր չեն թվում, միևնույն ժամանակ երեխայի հետ խոսող անձը վերջինիս ներշնչում է, որ կօգնի հաղթահարել իր խնդիրները։ Առաջադրանքների մեջ մտնում են՝ առավոտյան շուտ արթնանալու, ձեռքին նշաններ, նկարներ, սիմվոլներ նկարելու, տարօրինակ երաժշտություն լսելու եւ վերջում արդեն ինքնավնասման հրահանգներ։ Սովորաբար ինքնավնասման հրահանգներից հետո դեռահասները հրաժարվում են խաղին հետագա մասնակցությունից, սակայն, այն ծրագիրը, որով երեխաները մուտք են գործել՝ խաղալու նպատակով, հնարավորություն է ստեղծում որոշել խաղացողի հասցեն, գտնվելու վայրը, ու արդյունքում, եթե երեխան հրաժարվում է խաղալ, նրան սկսում են սպառնալ՝ ասում են, որ տեղյակ են, թե որտեղ է ապրում, ու հրահանգները չկատարելու դեպքում ընտանիքի անդամներին կվնասեն եւ այլն։ Синий кит-ի հեղինակը ռուս է, նրան կարողացել են բացահայտել, երբ 2015թ-ին Ռուսաստանի մի քանի քաղաքներում նույն օրը նույն ժամին 5 դեռահասներ ինքնասպանություն են գործել։ 

Հրաչյայի դեպքի վերաբերյալ «Այբ»-ից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, մեզ փոխանցեցին, որ իրենք նման աշակերտ չեն ունեցել։ Իսկ Քննչական կոմիտեից ինքնասպանության հանգամանքների վերաբերյալ հայտնեցին, թե այս պահի դրությամբ ոչինչ չեն կարող հայտնել, նախաքննություն է ընթանում։ Քննչական գործով անցնող վարկածներից մեկն էլ օնլայն խաղն է։ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ամբոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, անդրադառնալով օնլայն խաղերի ազդեցությանը երեխայի հոգեբանության վրա, ասաց, որ համացանցային խաղերը երեխային մեկուսացնում են․ «Դրանք լրացուցիչ պատճառ են մեկուսանալու, այդ խաղերով տարվելու, լինում են նաեւ դերային խաղեր, որտեղ իրենք դեր են ստանձնում, ապրում են այդ կյանքով, դրանք արդեն շատ բացասական երեւույթներ են։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, փորձեն վերահսկել երեխա-համակարգիչ հարաբերությունները, հետաքրքրությունների դաշտը տեղափոխեն դեպի իրենց, դեպի առողջ ապրելակերպ։ Տարիքն այդքան էական չէ, նույնիսկ ուսանողական տարիքում կան բողոքներ, մեզ մոտ ծնողները մեկ-մեկ բողոքում են իրենց երեխաներից, որ իրենց նույնականացնում են։ Ինչ-որ ճապոնական խաղեր կան, դառնում են այդտեղի անդամներ։ Շատ ներքաշող եւ ներազդող տեխնոլոգիաներ են օգտագործվում այդ խաղեր ստեղծողների կողմից»։ 

ՀԳ Նախորդ տարիներին Հայաստանում դեռահասների շրջանում մի շարժում կար՝ Էմոների շարժումը, որը եւս դեպրեսիվ տրամադրություններ էր առաջացնում եւ ինքնասպանության փորձեր էին ձեռնարկվում։ Այդ տարիներին ակտիվ պայքար գնաց Էմոների շարժման դեմ եւ հնարավոր եղավ այն կանխել ու վերացնել։ Դրա դեմ պայքարեցին կրթօջախները, հասարակությունը, լրատվամիջոցները, ոստիկանությունը եւ հասան արդյունքի։ Այսօր Էմոների մասին գրեթե չեն հիշում։ Հիմա պետք է կանխել նոր՝ աղետալի հետեւանքներով այս խաղերի տարածումը։

Ի դեպ, այս խաղը կազմողը, մեր տեղեկություններով, դեռահասների հետ աշխատող հայտնի կազմակերպություններից մեկի աշխատակիցն է։ Մենք փորձում են ճշտել այս տեղեկատվությունը՝ հաստատում ստանալուն պես կհրապարակենք կազմակերպության անվանումը»։