Անկարայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Էլսեւեր Սալմանովը, չհավանելով Անկարայի երաժշտական փառատոնի բրոշյուրում «Սարը գելին» երգը հայկական ներկայացնելու փաստը, դիվանագետին ոչ հարիր անվայելուչ հայտարարություն է արել հայերի եւ թուրքական Radikal պարբերականի աշխատակիցների հասցեին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի դիվանագետը Facebook-ի իր էջում տեղադրել է գրություն, որտեղ պատմում է, թե պատահաբար իր ձեռքն է ընկել Անկարայում անցկացվելիք երաժշտական փառատոնի բրոշյուրը։ Ադրբեջանցի դիվանագետը նշել է, թե բրոշյուրի մեջ փառատոնի հովանավոր Radikal թերթը մեծ տառերով գրել էր, թե «Սարը գելին»-ը հայկական ստեղծագործություն է եւ փոքր տառերով՝ «Եկեք ամենալավը լսելու»։
Էլսեւեր Սալմանովը շարունակել է, թե կամ թերթում հայեր կան աշխատող,ովքեր իրենց ազգի շահերն են առաջ տանում, կամ էլ թերթը ծառայություն է մատուցում հայերին։ «Այս մտածելակերպին համարժեք է «բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք եք» մտածելակերպը»,-ասել է ադրբեջանցի դիվանագետը։
Նշենք, որ «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք եք» արտահայտությամբ պաստառը տեղ էր գտել 2012-ի փետրվարին, Ստամբուլում, Խոջալուի դեպքերի հիշատակման հետ կապված ադրբեջանա-թուրքական ազգայնականների կողմից կազմակերպված միջոցառմանը։
Այդ արտահայտությունը խիստ արձագանք գտավ թուրքական առաջադեմ հասարակության մեջ։ Դատարանն այդ պաստառի համար 6 մարդու թեթեւ պատժի էր ենթարկել։