ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում փորձագիտական առաքելություն ուղարկել Արցախ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու համար:
«Քննարկումներն այս պահին շարունակվում են: Հուսով ենք, որ առաքելությունը հնարավորինս շուտ կուղարկվի», – ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ բանակցություններ են ընթանում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն կազմակերպելու շուրջ:
Նշենք, որ հայկական պատմության և մշակութային առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։ Դրանց մեջ են 161 վանքեր ու եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերը, բազմաթիվ բերդեր, ամրոցներ սրբավայրեր և այլ հուշարձաններ, ութ պետական թանգարաններ՝ 19 311 ցուցանմուշներով և գորգերի մասնավոր հավաքածուներով, ինչպես նաև հայկական դրամի թանգարանը Շուշիում: