2021թ. փետրվարի 2-ին՝ ժամը 15։30-ին, «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի, պարանոցի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 36-ամյա բնակչուհի:
Նույն օրը՝ ժամը 15։45-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ վերը նշված բնակարանից «սրտի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. փետրվարի 2-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, վերոնշյալ բնակարանում 39-ամյա տղամարդը դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել իր 36-ամյա կնոջը, այնուհետև նույն դանակով վնասել իրեն։
39-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:
2021թ. փետրվարի 6-ին որոշում է կայացվել 39-ամյա տղամարդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին և վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: