Մելքոնյանները երկար ժամանակ որևէ լուր չունենալով և հույսով սպասելով՝ նոյեմբերի 5-ին իմացան, որ իրենց որդին՝ Մարգար Մելքոնյանը, հերոսաբար զոհվել է՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում:
«Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, բայց մեզ ո՛չ զինվորական կոմիսարիատից, ո՛չ զորամասից չեն տեղեկացրել, երկար ժամանակ տեղեկություն չունեինք, հետաքրքրվեցինք ու իմացանք ցավալին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարգարի քույրը՝ Ամալյա Մելքոնյանը:
Մարգարը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարին, սկզբնական շրջանում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, որից հետո տեղափոխել են Արցախ:
Ծառայում էր Մարտունի 2-ում, պատերազմի օրերին էլ հերոսական պայքարը մղել է հենց այնտեղ: Հրետանավոր, ապա հետախուզական ջոկի հրամանատար է եղել:
Մարգարը Երևանից էր, ունի մեկ քույր: Բնավորությամբ համբերատար ու հանգիստ հերոսը սովորել է Երևանի թիվ 134 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Ապագա ծրագրավորող էր, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել էր ծառայության:
Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ Մարգարի բոլոր ծառայակից ընկերները զոհվել են:
Քույրը հիշում է, թե բանակ գնալիս ինչ մեծ ոգևորությամբ էր լցված. «Իր համար պատիվ էր ծառայելը, բանակ գնալու օրն էլ այնքան ուրախ էր: Ծառայությունից հետո Մարգարի նպատակները կապված էին մասնագիտության հետ, հայտնի ու լավ ծրագրավորող էր ուզում դառնալ: Ծրագրավորման վերաբերյալ ամեն ինչ հետաքրքրում էր իրեն, բազմաթիվ գրքեր էր ընթերցում»:
Համառ, ընկերասեր ու գաղտնապահ. բոլորը Մարգարին հենց այսպիսին գիտեին: Սիրում էր ամեն ինչ իր ուզածով անել, նպատակասլաց էր:
Վերջին անգամ հարազատների հետ խոսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին:
Քրոջ խոսքով՝ պատերազմի ընթացքում Մարգարին առաջարկել են լեյտենանտի կոչում, առաջարակն ընդունեց, սակայն այդպես էլ չհասցրեց ստանալ...
Արփինե Հակոբյան