Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող, Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել էր, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, դեպքի բացահայտման համար գործողություններ են իրականացվում: