Ռազմական դրությամբ պայմանավորված՝, Արցախի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգելու վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած որոշման նախաձեռնությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել: Այս մասին տեղեկացնում է այդ գերատեսչության ղեկավար Հայկ Խանումյանը:
«Պատերազմական գործողությունների ընթացքում 2 համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս 8 համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ նրանց սեփական դիմումների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է»,- պարզաբանել է նախարար Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ: Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան: