Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ Աբու Դաբիյում մեկնարկած «IDEX 2021» (nternational Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսից տարածվող լուսանկարները։ Հայկական կողմը, որի պատվիրակության ղեկավարն է Նիկոլ Փաշինյանի թիմակից Արշակյան Հակոբը, խայտառակ ձևով է մասնակցում ցուցահանդեսին։ Տարածվող լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ հայկական կողմի տաղավարը, մեղմ ասած, աղքատիկ է։ Օգտատերերը հասցրել են զուգահեռներ անցկացնել ադրբեջանական կողմի տաղավարի միջեւ։
 
Նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում նշված է․ «Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ»։ Ստացվում է՝ ըստ Արշակյանի` Հայաստանի ռազմաարդյունաբերության պրոդուկտը ջրի շիշն ու մի քանի հատ բուկլետներն են: Նախարարը անգամ պատերազմի օրերին էր հասցնում ֆեյսբուքը ողողել ստատուսներով և ավետել հայկական արտադրության ականանետերի և ԱԹՍ-ի գործած հրաշքների մասին: Հարց է առաջանում՝ իսկ ինչու այդ հրաշքները չենք տեսնում ոչ մենք, ոչ էլ միջազգային հանրությունը:
 
Խայտառակությունը սրվում է նաև այն հանգամանքից ելնելով, որ ցուցահանդեսի շրջանակներում՝ փետրվարի 21-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին, համագործակցության առաջարկություն արել, հրավիրել հայկական տաղավարը դիտելու: Միայն թե հասկանալի չէ՝ բույլետներն է դիտելու պետնախարարը, թե ջրի շշերը…
 
Հայաստանը երբևէ չէր հայտնվել նման խայտառակ իրավիճակում: Մշտապես նմանատիպ էքսպոներում հայկական տաղավարները եղել են ամենաազդեցիկները, որևէ էքսպո չի անցել առանց կարևորագույն ձեռքբերումների, ավելին՝ նման ցուցահանդեսներ գրեթե յուրաքանչյուր տարի անցկացվել են հենց Հայաստանում՝ Հայտեք էքսպոն, Երևան էքսպոն, Դիջիտեք էքսպոն և ակցկացվել են բարձր մակարդակով: Թերևս, շնորհիվ նրա, որ ոլորտը չէր գտնվում պոպուլիստ դիլետանտների ձեռքում, ովքեր խոսում են ռազմաարդյունաբերությունը երկու տարում ծնկած վիճակից բարձրացնելուց, բայց համաշխարհային թիվ մեկ ցուցահանդեսի ժամանակ զբաղված են բուկլետ բաժանելով: Իսկ գուցե նախարար Արշակյանն է սխալվել իր հաշվարկների մեջ՝ մտածելով, որ փետրվարը 31 օրից է բաղկացած և հենց այստեղ է պետք փնտրել հայկական կողմի խայտառակության գլխավոր պատճառը…